Աստվածաշունչը սովորեցնո՞ւմ է, որ Երկիրը տափակ է
Աստվածաշնչի պատասխանը
Ո՛չ, Աստվածաշունչը չի սովորեցնում, որ Երկիրը տափակ է։ a Թեև Սուրբ Գիրքը գիտական ձեռնարկ չէ, դրանում գրված ոչ մի բան չի հակասում գիտությամբ ապացուցված որևէ փաստի։ Այն, ինչ ասում է Աստվածաշունչը, «հաստատված է հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 111։8)։
Ի՞նչ է նշանակում Աստվածաշնչում գրված «երկրի չորս անկյուններ» արտահայտությունը
Աստվածաշնչում գործածված «երկրի չորս անկիւններ» և «երկրի ծայրեր» արտահայտությունները չպետք է բառացիորեն հասկանալ, ասես Երկիրը քառակուսի է կամ ծայրեր ունի (Եսայիա 11:12, «Արարատ» թարգմանություն; Հոբ 37:3)։ Ընդհակառակը՝ դրանք ակներևաբար պատկերավոր արտահայտություններ են, որոնք վերաբերում են ողջ Երկրի մակերևույթին։ Աստվածաշնչում նույն կերպ գործածված են նաև կողմնացույցի չորս ուղղությունները (Ղուկաս 13:29)։
«Անկյուններ» կամ «ծայրեր» թարգմանված եբրայերեն բառը թերևս ծագել է «[թռչնի] թևեր» բառից։ Ըստ «Աստվածաշնչի միջազգային ստանդարտ հանրագիտարանի»՝ «քանի որ թռչունն իր թևով ծածկում է ձագին, [եբրայերեն այս բառը] գործածվում է նկարագրելու համար ցանկացած ձգված բանի ծայրը»։ Նույն աշխատության մեջ նաև ասվում է, որ Հոբ 37:3-ում և Եսայիա 11:12-ում «այդ բառը նշանակում է «ցամաքի մակերևույթի եզրերը, սահմանները կամ ամենահեռավոր կետերը»»։ b
Ի՞նչ կարելի է եզրակացնել՝ կարդալով Սատանայի կողմից Հիսուսի փորձվելու մասին արձանագրությունը
Հիսուսին փորձելու համար «Բանսարկուն տարավ նրան չափազանց բարձր մի լեռ և ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը» (Մատթեոս 4։8)։ Ոմանք պնդում են, թե աստվածաշնչյան այս արձանագրությունը փաստում է, որ Երկիրը տափակ է, քանի որ այդ դեպքում է, որ հնարավոր կլիներ մեկ կետից ամբողջությամբ տեսնել այն։ Սակայն այստեղ նշված «չափազանց բարձր մի լեռը», ըստ երևույթին, այլաբանություն է և ոչ թե աշխարհագրական վայր։ Նկատի առնենք, թե ինչու է այս եզրահանգումը տրամաբանական։
Երկրի վրա բառացի այնպիսի լեռ չկա, որտեղից կարելի է տեսնել աշխարհի բոլոր թագավորությունները։
Սատանան Հիսուսին ցույց տվեց ոչ միայն աշխարհի բոլոր թագավորությունները, այլև «նրանց փառքը»։ Թագավորությունների շքեղությունն ու փառքը հնարավոր չէ տեսնել մեծ տարածությունից, ուստի Սատանան թերևս տեսիլքի միջոցով էր այդ բաները ցույց տվել Հիսուսին։ Դա կարող է նման լինել նրան, որ անհատը ինչ-որ մեկին պրոյեկտորի միջոցով էկրանի վրա ցույց է տալիս աշխարհի տարբեր վայրերը։
Զուգահեռ արձանագրության մեջ՝ Ղուկաս 4:5-ում, ասվում է, որ Սատանան Հիսուսին «մի ակնթարթում ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները», որոնք ֆիզիկական աչքերով անհնար էր միաժամանակ տեսնել։ Ուստի հասկանալի է, որ Սատանան Հիսուսին ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները մեկ այլ բանի միջոցով։
a Աստվածաշունչը Աստծու մասին ասում է, որ նա «բնակվում է երկրի շրջանից վերև» (Եսայիա 40։22)։ Ըստ որոշ աշխատությունների՝ այստեղ «շրջան» թարգմանված բառը կարող է նշանակել «գունդ», թեև ոչ բոլոր աստվածաշնչագետներն են համաձայն այդ տեսակետին։ Ամեն դեպքում, Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այն մտքին, որ Երկիրը տափակ է։
b «The International Standard Bible Encyclopedia», վերանայված հրատարակություն, հատոր 2, էջ 4։