Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ էր ուխտի տապանակը

Ի՞նչ էր ուխտի տապանակը

Աստվածաշնչի պատասխանը

Ուխտի տապանակը սուրբ արկղ էր, որը Եհովայի կարգադրությամբ ու նկարագրած ձևով պատրաստել էին հնում ապրած իսրայելացիները։ Տապանակի մեջ պահվում էր «Վկայությունը»՝ երկու քարե տախտակների վրա գրված Տասը պատվիրանները (Ելք 25:8–10, 16; 31:18

  • Ինչպես էր պատրաստված։ Ուխտի տապանակի երկարությունը 2,5 կանգուն էր, լայնությունը՝ 1,5 կանգուն, իսկ բարձրությունը՝ 1,5 կանգուն (111 x 67 x 67 սմ)։ Այն պատրաստված էր ակացիայի փայտից, ներսից ու դրսից ոսկով էր պատված և շուրջբոլորը գեղեցիկ եզրակ ուներ։ Տապանակի՝ մաքուր ոսկուց պատրաստված կափարիչի երկու ծայրերին երկու ոսկե քերովբեներ կային։ Նրանց երեսները դեմ դիմաց էին և ուղղված էին դեպի կափարիչը, իսկ թևերը դեպի վեր էին տարածված և ծածկում էին կափարիչը։ Տապանակի ոտքերի վերևում չորս ոսկե օղակներ կային։ Այդ օղակների միջով անցկացված էին ակացիայի փայտից պատրաստված և ոսկով պատված ձողեր, որոնք նախատեսված էին տապանակը տեղափոխելու համար (Ելք 25:10–21; 37:6–9

  • Որտեղ էր դրված։ Տապանակը սկզբում պահվում էր խորանի Սրբությունների Սրբությունում։ Խորանը երկրպագության համար նախատեսված վրան էր, որը հնարավոր էր տեղափոխել, և որը տապանակի հետ միաժամանակ էր պատրաստվել։ Դեպի Սրբությունների Սրբություն տանող մուտքը վարագույրով փակված էր, որպեսզի քահանաներն ու ժողովուրդը չտեսնեին այն (Ելք 40:3, 21)։ Սրբությունների Սրբություն տարին մեկ անգամ՝ Քավության օրը, կարող էր մտնել միայն քահանայապետը և տեսնել տապանակը (Ղևտական 16:2; Եբրայեցիներ 9:7)։ Հետագայում տապանակը տեղափոխվեց Սողոմոնի կառուցած տաճարի Սրբությունների Սրբություն (1 Թագավորներ 6:14, 19

  • Ինչ նպատակով էր պատրաստված։ Տապանակը պահոց էր ծառայում այն սուրբ իրերի համար, որոնք իսրայելացիներին հիշեցնում էին այն ուխտի, կամ՝ համաձայնության մասին, որ Աստված նրանց հետ կապել էր Սինա լեռան վրա։ Տապանակը նաև մեծ դեր ուներ Քավության օրվա արարողության ժամանակ (Ղևտական 16:3, 13–17

  • Ինչ կար տապանակի մեջ։ Սկզբում տապանակի մեջ դրվեցին երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին Տասը պատվիրանները (Ելք 40:20)։ Ավելի ուշ դրվեցին նաև մանանայով լի ոսկե սափորը և Ահարոնի գավազանը, որը բողբոջել էր (Եբրայեցիներ 9:4; Ելք 16:33, 34; Թվեր 17:10)։ Սափորն ու գավազանը, հավանաբար, հետագայում հանվել էին տապանակից, քանի որ երբ այն տաճար տեղափոխեցին, դրանք այլևս տապանակի մեջ չէին (1 Թագավորներ 8:9

  • Ինչպես էին տեղափոխում։ Տապանակը տեղափոխում էին ղևտացիները՝ այն դնելով իրենց ուսերին և բռնելով ակացիայի փայտից պատրաստված ձողերից (Թվեր 7:9; 1 Տարեգրություն 15:15)։ Ձողերը միշտ պետք է մնային տապանակի օղակներում, որպեսզի ղևտացիները ոչ մի դեպքում չդիպչեին տապանակին (Ելք 25:12–16)։ Տապանակը տեղափոխելիս այն ծածկում էին «բաժանման վարագույրով»։ Այդ վարագույրը Սրբությունը բաժանում էր Սրբությունների Սրբությունից (Թվեր 4:5, 6 *

  • Ինչ էր խորհրդանշում։ Տապանակը մատնանշում էր Աստծու ներկայությունը։ Օրինակ՝ այն ամպը, որ հայտնվում էր Սրբությունների Սրբությունում գտնվող տապանակի վրա, ինչպես նաև իսրայելացիների ճամբարում, Եհովայի ներկայության և օրհնության նշանն էր (Ղևտական 16:2; Թվեր 10:33–36)։ Բացի այդ, Աստվածաշունչը, ասելով, որ Եհովան «քերովբեների վրա է նստում», նկատի ունի ուխտի տապանակի կափարիչի վրայի քերովբեներին (Սաղմոս 80:1; 1 Սամուել 4:4)։ Փաստորեն, այդ քերովբեները Եհովայի կառքն էին ներկայացնում (1 Տարեգրություն 28:18)։ Այսպիսով՝ տապանակը խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը։ Դա է պատճառը, որ այն բանից հետո, երբ տապանակը տեղափոխվեց տաճար, Դավիթ թագավորը գրեց, որ Եհովան «բնակվում է Սիոնում» (Սաղմոս 9:11

  • Ինչ նպատակով էր պատրաստված տապանակը։ Աստվածաշունչը տարբեր բառերով է նկարագրում այդ սուրբ արկղը՝ «վկայութեան տապանակ», «ուխտի տապանակ», «Եհովայի տապանակ» և «քո [Եհովայի] զորության տապանակ» (Թվեր 7:89, «Արարատ» թարգմանություն; Հեսու 3:6, 13; 2 Տարեգրություն 6:41

    Տապանակի կափարիչը կոչվում է «հաշտության կափարիչ» (1 Տարեգրություն 28:11)։ Այս արտահայտությունը ցույց է տալիս, թե ինչ կարևոր դեր ուներ տապանակի կափարիչը Քավության օրը, երբ Իսրայելի քահանայապետը զոհաբերված կենդանիների արյունը ցողում էր դեպի կափարիչը՝ կափարիչի առաջ։ Այդպես քահանայապետը քավություն էր անում «իր, իր տան և Իսրայելի ամբողջ ժողովի համար», այսինքն՝ ծածկում էր մեղքերը (Ղևտական 16:14–17

Ուխտի տապանակը այսօր գոյություն ունի՞

Ոչ մի ապացույց չկա, որ ուխտի տապանակն այսօր գոյություն ունի։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ տապանակի կարիքն այլևս չկա, քանի որ դրան առնչվող ուխտը փոխարինվել է «նոր ուխտով», որը հիմնված է Հիսուսի զոհի վրա (Երեմիա 31:31–33; Եբրայեցիներ 8:13; 12:24)։ Բացի այդ, Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ գալու էր մի ժամանակ, երբ տապանակը այլևս չէր լինելու, և Աստծու ժողովուրդը այն չէր հիշելու (Երեմիա 3:16

Նոր ուխտը հաստատվելուց հետո Հովհաննես առաքյալին մի տեսիլք տրվեց, և նա տեսավ ուխտի տապանակը՝ երկնքում (Հայտնություն 11:15, 19)։ Այս խորհրդանշական տապանակը մատնանշում է Աստծու ներկայությունը և այն, որ նա օրհնում է նոր ուխտը։

Արդյո՞ք տապանակը թալիսման էր

Ո՛չ։ Ուխտի տապանակի առկայությունը հաջողության երաշխիք չէր։ Օրինակ՝ թեև Գայի քաղաքի պաշարման ժամանակ այն իսրայելացիների ճամբարում էր, սակայն մեկ իսրայելացու անհավատարմության պատճառով նրանք պարտվեցին (Հեսու 7:1–6)։ Հետագայում իսրայելացիները պարտություն կրեցին նաև փղշտացիներից, չնայած որ ուխտի տապանակը իրենց հետ մարտադաշտ էին տարել։ Պատճառն այն էր, որ իսրայելացի քահանաներ Օֆնին ու Փենեհեսը ամբարշտություն էին անում (1 Սամուել 2:12; 4:1–11)։ Պատերազմի ժամանակ փղշտացիները զավթեցին ուխտի տապանակը, սակայն Աստված տարբեր աղետներ բերեց նրանց վրա այնքան ժամանակ, մինչև որ նրանք տապանակը վերադարձրին իսրայելացիներին (1 Սամուել 5:11–6:5

Ուխտի տապանակի պատմությունը

Տարի (մ.թ.ա.)

Իրադարձություն

1513 թ.

Բեսելիելը և նրա օգնականները պատրաստում են տապանակը իսրայելացիների նվիրաբերած շինանյութերով (Ելք 25:1, 2; 37:1

1512 թ.

Մովսեսը օծում է տապանակը, ինչպես նաև խորանը և քահանաներին (Ելք 40:1–3, 9, 20, 21

1512 –1070-ից հետո

Տապանակը տեղափոխում են տարբեր վայրեր (Հեսու 18:1; Դատավորներ 20:26, 27; 1 Սամուել 1:24; 3:3; 6:11–14; 7:1, 2

1070 թ.-ից հետո

Դավիթ թագավորը տապանակը բերում է Երուսաղեմ (2 Սամուել 6:12

1026 թ.

Տապանակը տեղափոխում են Երուսաղեմում գտնվող Սողոմոնի կառուցած տաճար (1 Թագավորներ 8:1, 6

642 թ.

Հովսիա թագավորը տապանակը նորից բերում է տաճար (2 Տարեգրություն 35:3 *

Մինչև 607 թ.

Հավանաբար, տապանակը դուրս է բերվում տաճարից։ Երբ Աստվածաշնչում նշվում են այն իրերը, որոնք մ.թ.ա. 607-ին տաճարը կործանվելուց հետո տարվեցին Բաբելոն, նաև այն իրերը, որոնք հետագայում վերադարձվեցին Երուսաղեմ, տապանակի մասին չի հիշատակվում (2 Թագավորներ 25:13–17; Եզրաս 1:7–11

63 թ.

Հռոմեացի զորավար Պոմպեոսը Երուսաղեմը զավթելուց և տաճարի Սրբությունների Սրբությունը զննելուց հետո հայտարարում է, որ տապանակն այնտեղ չէ։ *

^ պարբ. 8 Երբ իսրայելացիները չէին հնազանդվում տապանակը տեղափոխելու և այն ծածկելու վերաբերյալ Աստծու օրենքին, ցավալի հետևանքներ էին կրում (1 Սամուել 6:19; 2 Սամուել 6:2–7

^ պարբ. 31 Աստվածաշնչում չի նշվում, թե երբ, ինչու կամ ով էր այն հանել տաճարից։

^ պարբ. 35 Տես Տակիտոս, «Պատմություն», գիրք V, պրբ. 9։