Ի՞նչ է Աստվածաշունչն ասում միասեռականության մասին
Աստվածաշնչի պատասխանը
Աստված ստեղծել է մարդկանց սեռական ցանկություններով, որոնք պետք է բավարարվեն միայն տղամարդու և կնոջ միությամբ կազմված ամուսնական կառույցի ներսում (Ծննդոց 1։27, 28; Ղևտական 18։22; Առակներ 5։18, 19)։ Աստվածաշունչը դատապարտում է այս կառույցից դուրս ցանկացած սեռական հարաբերություն, լինի հոմոսեքսուալ (նույնասեռական) թե հետերոսեքսուալ (տարասեռական) (1 Կորնթացիներ 6։18)։ Դրա մեջ մտնում է կենակցելը, ուրիշի սեռական օրգանները շոյելը, օրալային կամ անալային սեքսով զբաղվելը։
Թեև Աստվածաշունչը դատապարտում է միասեռականությունը, սակայն այն չի խրախուսում ատելություն միասեռականների հանդեպ։ Քրիստոնյաներին պատվեր է տրվում հարգել բոլորին (1 Պետրոս 2։17)։
Կարո՞ղ է մարդը ծնված լինել հոմոսեքսուալ հակումներով։
Աստվածաշունչը կոնկրետ չի խոսում հոմոսեքսուալ հակումների կենսաբանական կողմի մասին, սակայն այն ասում է, որ բոլորս էլ ծնվել ենք Աստծու օրենքին հակառակ գնալու հակումով (Հռոմեացիներ 7։21-25)։ Հոմոսեքսուալ ցանկությունների պատճառի վրա կենտրոնանալու փոխարեն Աստվածաշունչը դատապարտում է հոմոսեքսուալ գործողությունները։
Ինչպես հաճելի լինել Աստծուն՝ չնայած հոմոսեքսուալ ցանկություններին։
Աստվածաշունչն ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ մարմինը ղեկավարի ձեզ։ Սպանեք բոլոր սխալ սեռական ցանկությունները» (Կողոսացիներ 3։5, Contemporary English Version)։ Սխալ գործերի մղող ցանկությունները սպանելու համար, պետք է վերահսկեք ձեր միտքը։ Եթե պարբերաբար լցնեք այն առողջ մտքերով, ապա ավելի հեշտությամբ կազատվեք սխալ ցանկություններից (Փիլիպպեցիներ 4։8; Հակոբոս 1։14, 15)։ Թեև սկզբում գուցե շատ դժվար լինի, սակայն հետո ավելի հեշտ կդառնա։ Աստված խոստանում է օգնել, որ «նորոգվեք՝ փոխելով ձեր միտքը խթանող ուժը» (Եփեսացիներ 4։22-24)։
Միլիոնավոր մարդիկ նման ներքին պայքար մղում են հետերոսեքսուալ ցանկությունների դեմ, որովհետև ուզում են աստվածաշնչյան չափանիշներով ապրել։ Օրինակ՝ նրանք, ովքեր ամուրի են և քիչ հավանական է, որ կամուսնանան, կամ ովքեր ամուսնացած են մեկի հետ, ով հիվանդ է և անկարող է բավարարելու կողակցի սեռական կարիքները, վերահսկում են իրենց սեռական ցանկությունները, ինչ գայթակղության առաջ էլ որ կանգնեն, և կարողանում են երջանիկ ապրել։ Հոմոսեքսուալ հակումներ ունեցողները նույնպե՛ս կարող են, եթե իսկապես ցանկանան հաճեցնել Աստծուն (2 Օրենք 30։19)։

