Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հավասարակշռված ձևով օգտվել էլեկտրոնային սարքերից

Էլեկտրոնային սարքերից օգտվելը կարող է կա՛մ օգուտ տալ ձեր ամուսնությանը, կա՛մ քայքայել այն։ Ինչպե՞ս են դրանք ազդում ձեր ամուսնական կյանքի վրա։

 Ինչ պետք է իմանաք

  • Էլեկտրոնային սարքերը խելամտորեն օգտագործելը կարող է օգտակար լինել ամուսնական կյանքում։ Որոշ ամուսիններ դրանց միջոցով օրվա ընթացքում կապ են պահում միմյանց հետ։

    «Պարզ հաղորդագրությունը, օրինակ՝ «Ես քեզ սիրում եմ» կամ «Մտածում եմ քո մասին», մեծ նշանակություն կարող է ունենալ» (Ջոնաթան)։

  • Էլեկտրոնային սարքերը խելամտորեն չօգտագործելը կարող է քայքայել ամուսնությունը։ Օրինակ՝ որոշ մարդիկ այնքան են տարվում իրենց սարքերով, որ չեն կարողանում բավարար չափով ժամանակ և ուշադրություն տրամադրել իրենց կողակցին։

    «Վստահ եմ, որ եղել են ժամանակներ, երբ ամուսինս տրամադրված է եղել ինձ հետ խոսելու, բայց ես հեռախոսով եմ զբաղված եղել» (Ջուլիսա)։

  • Ոմանք պնդում են, որ կարող են բովանդակալից զրույցներ վարել իրենց կողակցի հետ և միևնույն ժամանակ օգտվել իրենց սարքից։ Սոցիոլոգ Շերի Թըրքլի խոսքերով՝ դա «բազմախնդրության (միևնույն ժամանակ մի քանի բան անելը) պատրանքն է»։ Ինչ խոսք, միաժամանակ մի քանի բան անելու ունակությունը արժանիք չէ։ Նա հավելում է. «Եվս մի նոր առաջադրանք, և մեր արդյունավետությունը պակասում է»։ *

    «Ամուսնուս հետ զրուցելիս բավարարվածության մեծ զգացում եմ ունենում, բայց ոչ այն պահերին, երբ նա միաժամանակ մի քանի գործ է անում։ Այդ ժամանակ ինձ թվում է, թե նրա համար միևնույնն է՝ ես այնտեղ եմ, թե ոչ» (Սառա)։

Ամփոփում։ Այն, թե ինչպես եք օգտվում էլեկտրոնային սարքերից, կարող է կա՛մ դրական, կա՛մ բացասական ազդեցություն ունենալ ձեր ամուսնական փոխհարաբերությունների վրա։

 Ինչ կարող եք անել

Առաջնահերթություններ սահմանեք։ Աստվածաշունչն ասում է. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Մեր սարքերը խլո՞ւմ են այն ժամանակը և ուշադրությունը, որ պետք է տրամադրեինք իրար»։

«Տխուր տեսարան է, երբ տղամարդն ու կինը ռեստորանում ճաշելիս իրենց հեռախոսներով են տարված։ Մենք չենք ուզում էլեկտրոնային սարքերի գերին դառնալ և անտեսել ամենակարևորը՝ իրար հետ ունեցած մեր փոխհարաբերությունները» (Մեթյու)։

Ժամանակ սահմանեք։ Աստվածաշունչն ասում է. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, և ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։15, 16)։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Կարո՞ղ եմ ցանկացած հաղորդագրության անմիջապես պատասխանելու փոխարեն՝ կոնկրետ ժամանակ հատկացնել ոչ հրատապ հաղորդագրություններն ընթերցելուն և դրանց պատասխանելուն»։

«Ես հեռախոսս անձայն ռեժիմի վրա եմ դնում, իսկ հաղորդագրություններին պատասխանում եմ այն ժամանակ, երբ հարմար է։ Հազվադեպ է լինում, որ զանգին, հաղորդագրությանը կամ էլեկտրոնային նամակին հրատապ արձագանքելու կարիք լինի» (Ջոնաթան)։

Եթե հնարավոր է, գործը թողեք աշխատավայրում։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ինչ իր ժամանակն ունի» (Ժողովող 3։1)։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Թույլ տալի՞ս եմ, որ հեռախոսով աշխատանքիս հետ կապված գործերը տանը անելու պատճառով ընտանեկան կյանքս խաթարվի։ Եթե այո, ինչպե՞ս է դա ազդում մեր ամուսնական փոխհարաբերությունների վրա։ Ի՞նչ կասեր կողակիցս»։

«Էլեկտրոնային սարքերը մեզ հնարավորություն են տալիս աշխատելու ցանկացած ժամի և ցանկացած վայրում։ Երբ ես ու կինս միասին էինք, ամեն ջանք թափում էի, որ անընդհատ չստուգեի հեռախոսս և գործերովս չզբաղվեի» (Մեթյու)։

Ձեր կողակցի հետ քննարկեք, թե ինչպես ճիշտ կլինի օգտագործել էլեկտրոնային սարքերը։ Աստվածաշունչն ասում է. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24)։ Ձեր կողակցի հետ խոսեք այն մասին, թե ինչպես է յուրաքանչյուրդ օգտվում էլեկտրոնային սարքերից, և եթե հարկ կա, ինչ փոփոխություններ պետք է անեք։ Այդ նպատակով կարող եք օգտվել այս հոդվածում բերված քննարկման ուղեցույցից։

«Ես ու ամուսինս շատ ազնիվ ենք իրար հանդեպ և երբ զգում ենք, որ մեզնից մեկը չափից շատ է օգտագործում հեռախոսը կամ պլանշետը, ասում ենք իրար այդ մասին։ Երկուսս էլ ընդունում ենք, որ դա կարող է խնդիր լինել, ուստի հաշվի ենք առնում մեկս մյուսի տեսակետը» (Դանիելա)։

Ամփոփում։ Հավաստիացեք, որ էլեկտրոնային սարքը ձեր ծառան է, ոչ թե տերը։

^ պարբ. 13 «Reclaiming Conversation—The Power of Talk in a Digital Age» գրքից։