Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա—Մաս 4։ Ինչպե՞ս ներկայացնեմ համոզմունքս

Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա—Մաս 4։ Ինչպե՞ս ներկայացնեմ համոզմունքս

Դու հավատում ես, որ ամեն բան Աստված է ստեղծել, բայց դպրոցում չես ուզում բացահայտ ասել այդ մասին։ Պատճառը գուցե այն է, որ դասագիրքը էվոլյուցիային մասին է սովորեցնում, և դու վախենում ես, որ եթե ուսուցիչն ու դասընկերներդ իմանան քո համոզմունքի մասին, կծաղրեն քեզ։ Սակայն ինչպե՞ս կարող ես համարձակ լինել ու վստահ ներկայացնել քո համոզմունքը։

 Դու կարո՛ղ ես

Գուցե մտածես. «Ես այնքան խելացի չեմ, որ գիտական թեմաներով քննարկումներ անեմ ու խոսեմ էվոլյուցիայի դեմ»։ Մի ժամանակ Դանիելը նույն կերպ էր մտածում։ Նա ասում է. «Ինձ համար անտանելի էր այն զգացումը, որ պետք է չհամաձայնեմ ուսուցչիս ու դասարանցիներիս հետ»։ Իսկ Դիանան ասում է. «Ես շփոթվում էի, երբ նրանք վիճաբանում էին ինձ հետ՝ օգտագործելով գիտական տերմիններ»։

Այդուհանդերձ, քո նպատակը վիճելը և հաղթող դուրս գալը չէ։ Բանն այն է, որ կարիք չկա հանճարեղ լինել բացատրելու համար, թե ինչու ես դու շրջապատող աշխարհի գոյության համար խելամիտ բացատրություն համարում ստեղծագործությունը։

Առաջարկ։ Օգտագործիր այն պարզ տրամաբանությունը, որ բերում է Աստվածաշունչը Եբրայեցիներ 3:4-ում. «Ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է»։

Կարոլ անունով մի երիտասարդ աղջիկ հետևյալ կերպ է տրամաբանում Եբրայեցիներ 3:4-ի սկզբունքի շուրջ. «Պատկերացրու անցնում ես խիտ անտառի միջով, և մարդ էակի մասին որևէ վկայություն մղոններով հեռու է քեզնից։ Ու հանկարծ գետնին ատամի փայտիկ ես տեսնում։ Ի՞նչ կանցնի քո մտքով։ Շատերը անմիջապես կմտածեին. «Ինչ-որ մեկը եղել է այստեղ»։ Ուրեմն եթե փոքրիկ ու աննշան փայտիկը վկայում է բանական էակի մասին, ապա որքան առավել մեծ վկայություն է տիեզերքը և նրանում եղած բոլոր բաները»։

Եթե ասում են. «Եթե ամեն բան ստեղծվել է, այդ դեպքում ո՞վ է ստեղծել Ստեղծողին»։

Կարող ես ասել. «Եթե մենք չգիտենք Ստեղծիչի մասին ամեն բան, դա դեռ չի նշանակում, որ նա չկա։ Օրինակ՝ դու գուցե չիմանաս ամեն բան այն մարդու կյանքի մասին, ով նախագծել է քո հեռախոսը, բայց դու չես կասկածում, չէ՞, որ նա կա։ [Թույլ տուր՝ պատասխանի։] Իրականում այնքան բան կա, որ կարող ենք իմանալ Ստեղծիչի մասին։ Եթե քեզ հետաքրքիր է, կարող եմ ասել, թե ինչեր եմ ես իմացել»։

 Պատրաստ եղիր

Աստվածաշունչն ասում է, որ պետք է պատրաստ լինես «պատասխան տալու ամեն մարդու, ով քեզանից բացատրություն կպահանջի քո մեջ եղած հույսի համար։ Սակայն դա արա մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետրոս 3:15)։ Ուստի ուշադրություն դարձրու երկու հանգամանքի՝ ինչ ես ասում և ինչպես ես ասում։

  1. Ինչ ես ասում։ Կարևոր դեր ունի Աստծու հանդեպ քո սերը, որը կմղի քեզ խոսել։ Բայց միայն այն, որ ուրիշներին ասես, թե որքան ես սիրում Աստծուն, բավական չի լինի նրանց հավաստիացնելու համար, որ Աստված է ստեղծել բոլոր բաները։ Շատ ավելի լավ կլինի, որ օրինակներ բերես բնությունից՝ ցույց տալու համար, թե ինչու է խելամիտ հավատալ, որ ամեն բան ստեղծված է։

  2. Ինչպես ես ասում։ Խոսիր համոզվածությամբ, ո՛չ կոպիտ, ո՛չ էլ խեղճացած։ Մարդիկ ավելի հակված կլինեն մտածելու քո խոսքերի շուրջ, եթե հարգալից խոսես նրանց համոզմունքների մասին և ընդունես, որ իրենք իրավունք ունեն սեփական եզրահանգումներն անելու։

    «Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ խոսքերը վիրավորական չլինեն, ու չպետք է քեզ ամենագետի տեղ դնես։ Իսկ եթե խեղճացած խոսես, ոչ միայն քո ուզած արդյունքին չես հասնի, այլև լրիվ հակառակը կլինի» (Էլեյն)։

 Օգնականներ քեզ համար

Հավատդ պաշտպանելուն պատրաստ լինելը նման է եղանակի փոփոխությանը պատրաստ լինելուն

«Եթե պատրաստ չես,— ասում է Ալիսիան,— նախընտրում ես լուռ մնալ՝ անհարմար կացության մեջ չհայտնվելու համար»։ Ուրեմն, ինչպես երևում է այս աղջկա խոսքերից, պատրաստված լինելը շատ կարևոր է։ Ջինան ասում է. «Ես շատ ավելի վստահ եմ ինձ զգում խոսելիս, երբ ունեմ լավ մտածված մի օրինակ, որը թիկունք է կանգնում իմ համոզմունքին»։

Որտեղի՞ց գտնել այդպիսի օրինակներ։ Պատանիներից շատերը հաջող զրույցներ են վարել՝ օգտվելով հետևյալ նյութերից.

  • «Ինչպե՞ս է կյանքն առաջացել»

  • «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել»

  • «Արարչագործության հրաշքները արտացոլում են Աստծու փառքը» (տեսանյութ)

  • «Արթնացե՛ք» ամսագրի «Արդյոք պատահականությո՞ւն է» խորագրի հոդվածները («Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ» որոնման տողում տպիր “արդյոք պատահականությո՞ւն է” [պահիր անգլերեն չակերտները])։

  • Օգտվիր «Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ» լրացուցիչ հետազոտության համար։

Օգտակար կլինի նաև վերանայել այս հոդվածաշարի՝ «Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա», նախորդ հոդվածները։

  1. Մաս 1: Ինչո՞ւ հավատալ Աստծուն

  2. Մաս 2: Ինչո՞ւ կասկածել էվոլյուցիային

  3. Մաս 3: Ինչո՞ւ հավատալ ստեղծագործությանը

Առաջարկ։ Ընտրիր այն օրինակները, որոնք համոզիչ են քեզ համար։ Դրանք ավելի հեշտությամբ կհիշես ու ավելի համոզվածությամբ կներկայացնես։ Նախապես փորձիր, թե ինչպես ես ներկայացնելու քո համոզմունքը։

Իմացիր ավելին

Բնապահպանը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Կարդա այն մասին, թե ինչու մի գիտնական փոխեց իր տեսակետը Աստվածաշնչի, էվոլյուցիայի ու կյանքի ծագման մասին։