Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս վարվեմ, եթե սխալ բան եմ արել

Ինչպե՞ս վարվեմ, եթե սխալ բան եմ արել

 Ի՞նչ կանեիր դու

Կարդա Կարինայի հետ պատահածի մասին և մտածիր, թե ինչ կանեիր դու, եթե լինեիր նրա տեղը։

Կարինա. «Ես մեքենայով գնում էի դասի, երբ ոստիկանը կանգնեցրեց ինձ և ակտ գրեց արագությունը գերազանցելու համար։ Չգիտեի՝ ինչ էի անելու։ Մամային պատմեցի։ Նա ասաց, որ պապային էլ ասեմ, ինչը հեչ չէի ուզում անել»։

Ի՞նչ կանեիր դու

  1. Տարբերակ 1։ Թաքուն կպահեիր՝ հույս ունենալով, որ հայրդ երբեք չի իմանա։

  2. Տարբերակ 2։ Պատահածի մասին կպատմեիր հորդ։

Առաջին տարբերակը գուցե ավելի ցանկալի թվա։ Հնարավոր է՝ մայրդ ոչինչ չասի հորդ և մտածի, թե դու կգնաս ու նրան ամեն ինչ կասես։ Սակայն կան հիմնավոր պատճառներ, թե ինչու արժե խոստովանել սխալը, ինչ էլ որ դա լինի։

 Երեք պատճառ, որ արժե սխալն ընդունել

  1. 1. Այդպես վարվելը ճիշտ է։ Աստվածաշնչում քրիստոնյաների հետ կապված հետևյալ սկզբունքն ենք կարդում. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13:18

    «Ես իսկապես մեծ ջանքեր եմ թափում, որ լինեմ ազնիվ, պատասխանատվություն կրեմ իմ արարքների համար և սխալվելու դեպքում ընդունեմ սխալս» (Ալեքսիս)։

  2. 2. Մարդիկ ավելի հակված են ներելու նրանց, ովքեր ընդունում են իրենց սխալները։ Աստվածաշունչն ասում է. «Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց ով խոստովանում ու թողնում է դրանք, նրա հանդեպ ողորմություն կցուցաբերվի» (Առակներ 28:13

    «Քաջություն է պետք սխալը ընդունելու համար, բայց այդպես վարվելով է, որ ձեռք ես բերում մարդկանց վստահությունը։ Նրանք տեսնում են, որ դու ազնիվ ես։ Ընդունելով սխալդ՝ վատ բանը լավն ես սարքում» (Ռիչարդ)։

  3. 3. Ամենակարևորը՝ դա հաճելի է Եհովա Աստծուն։ Աստվածաշնչում ասվում է. «Խարդախ մարդը գարշելի է Եհովայի համար, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3:32

    «Լուրջ սխալ գործելուց հետո սկսեցի աստիճանաբար գիտակցել, որ պետք է խոստովանեմ արածս և ընդունեմ սխալս։ Եթե Եհովայի կամքի համաձայն չվարվեմ, նա ոչ մի դեպքում ինձ չի օրհնի» (Ռեյչլ)։

Իսկ ինչպե՞ս վարվեց Կարինան։ Նա փորձեց հորից թաքուն պահել, որ տուգանվել է արագությունը գերազանցելու համար։ Բայց դա մի օր ջրի երես դուրս եկավ։ Կարինան պատմում է. «Մոտ մի տարի անց հայրս ստուգում էր մեր ապահովագրության տվյալները և նկատեց, որ իմ անունով արագությունը գերազանցելու վերաբերյալ ակտ է եղել։ Ես մեծ խնդիրներ ունեցա։ Մայրս էլ բարկացավ, որ հորս այդ մասին չէի ասել»։

Ի՞նչ դաս քաղեց նա։ Կարինան ասում է. «Սխալները թաքուն պահելու հետևանքն ավելի վատ է լինում։ Միևնույնն է, վերջիվերջո պետք է պատասխան տաս դրանց համար»։

 Ինչպես սովորել սխալներից

Բոլորս էլ սխալվում ենք (Հռոմեացիներ 3:23; 1 Հովհաննես 1:8)։ Եվ ինչպես տեսանք, սխալն անմիջապես ընդունելն ու խոստովանելը խոնարհության և հասունության նշան է։

Հաջորդ քայլը սխալներից դաս քաղելն է։ Ցավոք, շատ երիտասարդներ չեն սովորում իրենց սխալներից և արդյունքում իրենց զգում են այնպես, ինչպես Փրիսիլան։ Նա պատմում է. «Ամեն անգամ սխալվելիս ես ինքս ինձնից հիասթափվում էի։ Ինձ անարժեք էի զգում։ Սխալներս ասես հսկայական բեռ լինեին ուսերիս։ Դրանից ես վհատվում էի ու մտածում, թե ինձնից հույս չկա»։

Իսկ դու երբևէ նման զգացում ունեցե՞լ ես։ Եթե այո, հիշիր՝ անցյալի սխալների վրա կենտրոնանալը նման է մեքենա վարելիս միայն դիմապակու հայելու մեջ նայելուն։ Դա կխորացնի անարժեքության զգացումը և կխլի ողջ ուժերդ՝ թույլ չտալով հաղթահարել հետագա դժվարությունները։

Փոխարենը՝ լավ կլինի հավասարակշռված տեսակետ ունենալ։

«Նայիր քո սխալներին և դաս քաղիր դրանցից, որպեսզի նորից չկրկնես։ Բայց այնքան մի՛ կենտրոնացիր դրանց վրա, որ դրանք քեզ վհատեցնեն» (Էլիոտ)։

«Փորձում եմ սխալներիս նայել որպես փորձ ձեռք բերելու հնարավորության։ Յուրաքանչյուր սխալից աշխատում եմ դաս քաղել, ինչը կօգնի ինձ ավելի լավ մարդ դառնալ և հաջորդ անգամ նման իրավիճակներում այլ կերպ վարվել։ Դա ամենալավ մոտեցումն է, քանի որ այդպես դու ավելի հասուն անձնավորություն ես դառնում» (Վերա)։

Տես նաև

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԷՋԵՐ

Սովորել սխալներից

Բեռնել