Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ սեքստինգի մասին

Ի՞նչ պետք է իմանամ սեքստինգի մասին

 Ի՞նչ է սեքստինգը

Սեքստինգը բջջային հեռախոսի միջոցով բացահայտ սեքսուալ բնույթի տեքստեր, լուսանկարներ կամ տեսանյութեր ուղարկելն է մեկ ուրիշին։ «Դա ասես շփման նորմալ ձև է,— ասում է մի տղամարդ։— Իրար մեկ-երկու հաղորդագրություն եք ուղարկում ու, շատ չանցած, նաև կրքոտ լուսանկարներ եք փոխանակում»։

Ինչո՞ւ են մարդիկ դա անում։ Որոշ պատանիների պատկերացմամբ «բջջայինում նրա մերկ նկարն ունենալը հայտնում է այն մասին, որ դու սեքսուալ ակտիվ մարդ ես,— ասում է մի փորձառու իրավաբան, որի խոսքերը մեջբերված են «Նյու Յորք թայմս» թերթում։— Դա պատանեկան պզուկների պես մի բան է ուղղակի էլեկտրոնային տարբերակով»։ Իսկ մի աղջիկ սեքստինգն անվանում է «անվտանգ սեքսի» մի տեսակ։ Վերջին հաշվով «դու չես հղիանում դրանից, և սեռավարակների վտանգ չկա», ինչպես ասում է նա։

Կան նաև այլ պատճառներ՝ ինչու են պատանիները սեքստինգ անում կամ սեքսուալ բնույթի հաղորդագրություններ ուղարկում։

  • Ֆլիրտ անելու համար մեկի հետ, ում հետ ուզում են հարաբերություններ սկսել։

  • Մեկից ստացել են նրա էրոտիկ լուսանկարը, իրենք էլ պարտավորված են զգում ուղարկելու իրենցը։

 Ի՞նչ հետևանքներ է ունենում սեքստինգով զբաղվելը

Հեռախոսիդ վրա «ուղարկել» հրահանգը սեղմելուց հետո այդ նկարը այլևս քո տնօրինության տակ չէ, չես կարող վերահսկել, թե ինչպես այն կօգտագործվի կամ ինչպես դա կանդրադառնա քո անվան վրա։ «Սխալներն ու մեղքերը երբեք այսքան հեշտ չեն տարածվել և ուրիշների համար մատչելի չեն եղել»,— ասում է Փյու հետազոտական կենտրոնի՝ սեքստինգի վերաբերյալ հաշվետվության հեղինակ Ամանդա Լենհարթը։

Որոշ դեպքերում՝

  •  Մերկ նկարներ ստացողը ուղարկում է դրանք իր ընկերներին նրանց զվարճացնելու համար։

  •  Ընկերուհու կողմից լքված տղան տարածում է նրա մերկ նկարները վրեժ լուծելու համար։

ԳԻՏԵԻ՞Ր, ՈՐ... Շատ դեպքերում մերկ նկարներ ուղարկելը համարվել է մանկապղծություն և մանկական պոռնկագրության տարածում։ Որոշ անչափահասներ, ովքեր սեքստինգով են զբաղվել, մեղադրվել են սեռական բնույթի հանցագործության մեջ։

 Ի՞նչ է ասում Աստվածաշունչը այդ մասին

Աստվածաշունչը հավանություն է տալիս ամուսինների միջև սեռական հարաբերություններին (Առակներ 5:18)։ Բայց միևնույն ժամանակ իրար հետ չամուսնացած անհատների համար հստակ սահմաններ է դնում։ Ուշադրություն դարձրու հետևյալ աստվածաշնչյան համարներին։

  • «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ.... ամոթալի վարք, հիմար խոսակցություններ կամ անպարկեշտ կատակներ» (Եփեսացիներ 5:3, 4

  • «Սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ» (Կողոսացիներ 3:5

Այս համարները նախազգուշացնում են, որ հեռու մնանք ոչ միայն «պոռնկությունից» (սեռական հարաբերություններ ամուսնությունից դուրս), այլ նաև «անմաքրությունից» (լայն հասկացություն, որը վերաբերում է բարոյական անմաքրության բոլոր ձևերին) և «սեռական կրքերից» (վերաբերում է, ոչ թե նորմալ ռոմանտիկ զգացումներին, որոնք կարելի է բավարարել ամուսնության մեջ, այլ այն կրքին, որը հավանաբար կտանի անբարո քայլի)։

Հարցրու ինքդ քեզ...

  • Ինչո՞ւ է մերկ նկարներ ուղարկելը «անմաքրություն»։

  • Ինչպե՞ս է այն անպարկեշտ «սեռական կրքեր» բորբոքում։

  • Ինչո՞ւ է մերկ նկարներ նայելու կամ տարածելու ցանկությունը «վնասակար»։

Հետևյալ աստվածաշնչյան համարներում է՛լ ավելի համոզիչ պատճառներ են բերվում սեքստինգից հեռու մնալու համար։

  • «Լավագույնդ արա, որպեսզի քո անձը Աստծու առջև ներկայացնես որպես հավանության արժանացած մեկը, իբրև մի աշխատող, որն ամաչելու ոչ մի պատճառ չունի» (2 Տիմոթեոս 2:15

  •  «Ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով» (2 Պետրոս 3:11

Այս համարներում շեշտվում են բարոյապես մաքուր լինելու առավելությունները։ Երբ դու լավ վարք ես ունենում, չես անհանգստանում, որ մի օր կփոշմանես արարքներիդ համար (Գաղատացիներ 6:7

Հարցրու ինքդ քեզ...

  •  Ինչպիսի՞ մարդ եմ ես։

  •  Ինձ մտահոգո՞ւմ է, թե ինչ անուն կունենան ուրիշները։

  •  Ուզո՞ւմ եմ զվարճանալ մի բանով, ինչը ցավ կպատճառի ուրիշներին։

  •  Սեքստինգը ինչպե՞ս կարող է ազդել իմ անունի վրա։

  •  Սեքստինգի պատճառով կկորցնե՞մ ծնողներիս վստահությունը։

ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ։ «Ընկերուհիներիցս մեկը մի տղայի հետ իր հարաբերությունները գաղտնի էր պահում։ Մի օր նա իր մերկ նկարը ուղարկեց նրան, տղան էլ իրենը ուղարկեց։ 2 օր էլ չէր անցել, երբ ընկերուհուս հայրը որոշեց ստուգել նրա հեռախոսը։ Նա տեսավ հաղորդագրություններն ու ապշեց։ Ընկերուհիս խոստովանեց ամեն ինչ։ Գիտեմ՝ փոշմանել էր իր արածների համար, բայց նրա ծնողները շոկի մեջ էին ու շատ հիասթափված։ Չգիտեին՝ կարո՞ղ են նրան ընդհանրապես վստահել»։

Փաստ։ Սեքստինգը այլասերում է և՛ ուղարկողին, և՛ ստացողին։ «Դրա պատճառով հիասթափվեցի ու սկսեցի զզվել ինքս ինձնից»,— ասում է մի աղջիկ, ում ընկերը ստիպել էր նրան սեքստինգ անել։

Հաշվի առնելով բարոյական և հնարավոր իրավական հետևանքները, որ կարող է ունենալ սեքստինգը, իմաստուն կլինի հետևել Աստվածաշնչի խորհուրդներին։

 Ինչպե՞ս կվարվես դու

Փորձիր կիրառել աստվածաշնչյան խորհուրդները հետևյալ իրավիճակում։ Կարդա Ջանեթի հետ տեղի ունեցածի մասին և ընտրիր առաջարկվող տարբերակներից մեկը, թե ինչպես կվարվեիր դու։

«Մի անգամ հանդիպեցի մի տղայի։ Ես տվեցի նրան իմ հեռախոսահամարը, նա էլ իրենը։ Մի շաբաթ չանցած՝ նա խնդրեց ինձ ուղարկել իրեն նկարներ, որտեղ բիկինիով եմ» (Ջանեթ)։

Ի՞նչ ես կարծում, ինչ պետք է աներ Ջանեթը։ Ի՞նչ կանեիր դու։

  • ՏԱՐԲԵՐԱԿ 1. Միգուցե մտածես. «Ի՞նչ սխալ բան կա որ։ Չէ՞ որ եթե գնանք լողափ, այսպես թե այնպես, նա ինձ կտեսնի լողազգեստով»։

  • ՏԱՐԲԵՐԱԿ 2. Միգուցե մտածես. «Չեմ հասկանում՝ մտքին ինչ կա։ Ավելի փակ նկար կուղարկեմ, տեսնեմ՝ ինչ կանի»։

  • ՏԱՐԲԵՐԱԿ 3. Միգուցե մտածես. «Այս տղայի մտքին մենակ մի բան կա։ Հիմա կջնջեմ այս հաղորդագրությունը»։

3-րդ տարբերակը լավագույնն է, չէ՞։ Աստվածաշնչում ասվում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22:3

Այս վարժության հիմքում ընկած է այն հարցը, որը հաճախ հանդիսանում է սեքստինգի կամ վարքի այլ սխալ դրսևորումների հիմքը, այն է՝ ընտրո՞ւմ եմ, թե ում հետ ընկերություն անել (Առակներ 13:20)։ Սառա անունով մի երիտասարդ աղջիկ ասում է. «Ընկերություն արա այնպիսի մարդկանց հետ, ովքեր, վստահ ես, չեն հանդուրժի անպարկեշտ վարքը»։ Դիլյա անունով մեկ ուրիշ երիտասարդ աղջիկ համաձայն է այս մտքին։ Նա ասում է. «Որոշ այսպես կոչված ընկերներ ոչ թե օգնում են քեզ պահել բարոյական բարձր չափանիշներդ, այլ դրդում են խախտել դրանք»։ Ապա շարունակում է. «Եթե նրանց վարքը հակասում է Աստծու օրենքներին, նրանք հորդորում են քեզ խախտել քո բարոյական սկզբունքները։ Իսկապե՞ս ուզում ես նման ընկերներ ունենալ»։