Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Պատրա՞ստ եմ առանձին ապրելու

Պատրա՞ստ եմ առանձին ապրելու

Երեխաների վերաբերյալ Աստծու սկզբնական նպատակն այն էր, որ նրանք մեծանան, հեռանան իրենց ծնողներից և կազմեն իրենց ընտանիքը (Ծննդոց 2:23, 24; Մարկոս 10:7, 8)։ Բայց ինչպե՞ս կարող ես իմանալ, թե երբ ես պատրաստ առանձին ապրելու։ Նկատի առնենք երեք հարցեր։

 Ինչո՞ւ եմ ուզում առանձին ապրել

Աչքի անցկացրու հետևյալ ցուցակը և ինքդ քեզ հարցրու. «Ինչու եմ ուզում հեռանալ տնից»։ Քանի որ ուզում եմ...

  • Ազատվել տանը եղած խնդիրներից

  • Ավելի ազատ լինել

  • Ընկերներիս մոտ հեղինակությունս բարձրացնել

  • Օգնել ընկերոջս, որը սենյակակցի կարիք ունի

  • Կամավոր աշխատանք կատարել այլ տարածքում

  • Փորձ ձեռք բերել

  • Ծնողներիս վրա բեռ չլինել

  • Այլ

Չի կարելի ասել, որ թվարկված բոլոր պատճառները վատն են։ Հարցն այն է, թե ինչն է քեզ մղում այդ քայլին։ Օրինակ՝ եթե ուզում ես խուսափել որոշ սահմանափակումներից, ապա շատ հավանական է, որ հուսախաբ լինես։

Դանիելեն, որը 20 տարեկանում որոշ ժամանակով հեռացավ տնից, շատ բան սովորեց անձնական փորձից։ Նա ասում է. «Բոլորս էլ ինչ-ինչ սահմանափակումների մեջ ենք։ Նույնիսկ երբ դու ես քո գլխի տերը, աշխատանքդ կամ ֆինանսական միջոցներդ սահմանափակում են քեզ՝ չեն թողնում, որ անես այն, ինչ կարող ես»։ Թույլ մի՛ տուր, որ ուրիշները ստիպեն քեզ որոշում կայացնել առանձին ապրելու վերաբերյալ (Առակներ 29:20

 Պատրա՞ստ եմ դրան

Տնից գնալը որոշ առումով նման է արշավի գնալուն. պետք է հմտություններ ունենաս

Տնից գնալը որոշ առումով նման է արշավի գնալուն։ Դժվար թե նման բան նախաձեռնես, եթե չգիտես վրան խփել, խարույկ վառել, ուտելիք սարքել և քարտեզից օգտվել։ Այդուհանդերձ, շատ երիտասարդներ տեղափոխվում են առանձին ապրելու՝ առանց անհրաժեշտ հմտություններ ունենալու։

Իմաստուն Սողոմոն թագավորը ասել է. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14:15)։ Համոզվելու համար՝ արդյոք պատրաստ ես առանձին ապրելու, նկատի առ հետևյալը.

Ֆինանսական միջոցների տնօրինում։ «Ես երբեք ոչ մի բանի համար ինքս չեմ վճարել,— ասում է 19-ամյա Սերինեն։— Տնից հեռանալու մասին մտածելիս վախենում եմ, հատկապես, որ ստիպված եմ լինելու ինքս բյուջե կազմել և տնօրինել փողս»։ Իսկ ինչպե՞ս կարող ես սովորել ճիշտ տնօրինել փողը։

Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը» (Առակներ 1:5)։ Հարցրու ծնողներիդ, թե ամեն ամիս մի մարդու համար որքան գումար է ծախսվում բնակարանի վարձի, կոմունալ վճարների, սննդի և տրանսպորտի վրա։ Հետո խնդրիր նրանց, որ սովորեցնեն քեզ բյուջե կազմել և վճարումներ կատարել։

Կենցաղային հմտություններ։ 17-ամյա Բրայենը ասում է, որ իրեն վախեցնում է այն միտքը, որ ստիպված ինքն է անելու իր լվացքը։ Ինչպե՞ս կարող ես իմանալ՝ պատրաստ ես հոգալ քո մասին։ 20-ամյա Արոնը հետևյալ առաջարկն է անում. «Փորձիր մեկ շաբաթ ապրել լրիվ ինքնուրույն։ Կեր միայն այն, ինչը ինքդ ես առել քո աշխատած փողով և ինքդ էլ պատրաստել ես։ Հագիր միայն այն շորերը, որոնք դու ես լվացել և արդուկել։ Մաքրիր տունը։ Ինքնուրույն փակիր քո տրանսպորտի և մյուս ծախսերը»։ Այս առաջարկին հետևելով դու (1) ձեռք կբերես հմտություններ և (2) ավելի շատ կգնահատես ծնողներիդ արածը։

Ուրիշների հետ ապրելու կուլտուրա։ Ինչպիսի՞ն են քո փոխհարաբերությունները ծնողներիդ, քրոջդ կամ եղբորդ հետ։ Եթե խնդիրներ ունես, գուցե մտածես, թե ընկերոջդ հետ առանձին ապրելը ավելի հեշտ կլինի։ Սակայն տես, թե ինչ է ասում 18-ամյա Եվան. «Երկու ընկերուհիներս, ովքեր շատ մտերիմ էին, որոշեցին միասին ապրել։ Տեղափոխվելուց հետո հասկացան, որ պարզապես անհնար է միասին ապրել, քանի որ մեկը կազմակերպված էր ու կոկիկ, իսկ մյուսը՝ թափթփված, մեկը՝ հոգևոր բաները առաջին տեղում դնող, մյուսը՝ ոչ այնքան։ Նրանք ուղղակի չկարողացան իրար հետ հարմարվել»։

Նման իրավիճակում չհայտնվելու համար 18-ամյա Էրինը հետևյալն է ասում. «Տանն էլ կարող ես սովորել, թե ինչպես ապրել մարդկանց հետ և լավ փոխհարաբերություններ պահպանել։ Այստեղ դու սովորում ես՝ ինչպես լուծել խնդիրները և պատրաստ լինել զիջելու։ Նկատել եմ, որ ովքեր տնից գնում են ծնողների հետ ունեցած տարաձայնություններից խուսափելու համար, ընդամենը սովորում են «փախչել» կոնֆլիկտներից, ոչ թե լուծել դրանք»։

Հոգևոր գործունեություն։ Որոշ երիտասարդներ հեռանում են տնից, քանի որ չեն ուզում որևէ առնչություն ունենալ իրենց ծնողների կրոնի հետ։ Ոմանք էլ, սակայն, նպատակ են ունենում շարունակել Աստվածաշնչի իրենց անձնական ուսումնասիրությունը և հոգևոր գործունեությունը, բայց կարճ ժամանակ անց մոռանում են այդ մասին և վատ սովորություններ են ձեռք բերում։ Ինչպե՞ս կարող ես խուսափել հավատի «նավաբեկությունից» (1 Տիմոթեոս 1:19

Ունեցիր Աստվածաշունչն ուսումնասիրելու և հոգևոր գործերում ակտիվ լինելու լավ սովորություն ու հետևողական եղիր։ Օրացույցի վրա նշիր հոգևոր գործունեության քո գրաֆիկը և մեկ ամիս անց ստուգիր, թե արդյոք առանց ծնողներիդ միջամտության կարողացել ես հետևել այդ գրաֆիկին։

 Ո՞րն է իմ նպատակը

Տնից հեռանում ես ծնողներիդ վերահսկողությունից կամ խնդիրներից փախչելո՞ւ համար։ Եթե այո, ապա դու մտածում ես ոչ թե այն մասին, թե ուր ես գնում, այլ թե ինչից ես հեռանում։ Դա նման է նրան, որ փորձում ես մեքենա վարել՝ միայն հայելու մեջ նայելով, այսինքն՝ նայում ես ոչ թե առաջ, այլ հետ, և չես տեսնում, թե ինչ է սպասում քեզ առջևում։ Տնից հեռացիր ոչ թե գլուխդ ազատելու, այլ կարևոր նպատակի հասնելու համար։

Նպատակդ ինչ էլ որ լինի, լավ ծանրութեթև արա մինչ որոշում կայացնելը։ Աստվածաշնչյան առակներից մեկում ասվում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21:5)։ Լսիր ծնողներիդ խորհուրդը (Առակներ 23:22)։ Աղոթիր այդ մասին։ Խորհրդածիր աստվածաշնչյան վերոհիշյալ խորհուրդների մասին։

Իրականում հարցը ոչ թե առանձին ապրելու, այլ ինքնուրույն ապրելու մեջ է։ Եթե կարծում ես, որ պատրաստ ես և իսկապես ուզում ես ինքնուրույն ապրել, ապա կարող ես հեռանալ հայրական տնից։