Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս վարվեմ, երբ ինձնից բամբասում են

Ինչպե՞ս վարվեմ, երբ ինձնից բամբասում են

 Ինչու է ցավ պատճառում

Կան չարամտորեն արված բամբասանքներ, որոնք ստեր են և միտված են քեզ վարկաբեկելու կամ հեղինակազրկելու։ Բայց եթե նույնիսկ դրանք այդքան էլ լուրջ չեն, միևնույն է, ցավ են պատճառում, հատկապես եթե քեզնից բամբասել է մեկը, ում մտերիմ էիր համարում (Սաղմոս 55:12–14

«Իմացա, որ ընկերս իմ հետևից բամբասում է՝ ասելով, թե եսասեր եմ և ուրիշների մասին չեմ մտածում։ Դա իսկապես վիրավորական է։ Չեմ հասկանում՝ ինչու է նման բան ասել» (Էշլի)

Փաստ։ Անկախ նրանից բամբասողը մտերիմ է, թե ոչ, միանգամայն տհաճ է իմանալ, որ մարդիկ վատ բաներ են խոսում քո մասին։

 Վատ է, որ հնարավոր չէ կանխել

Մարդիկ բամբասում են տարբեր պատճառներով։ Օրինակ՝

Անկեղծ հետաքրքրվածություն։ Մարդիկ հաղորդակցվելու կարիք ունեն։ Ուստի բնական է, որ մենք խոսում ենք միմյանց հետ և միմյանց մասին։ Աստվածաշունչն էլ է հորդորում մեզ որոշ չափով հետաքրքրություն ցուցաբերել ուրիշների հանդեպ՝ ասելով. «Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չ’տաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ» (Փիլիպպեցիներ 2:4, «Արարատ» թարգմանություն)։

«Խոսելու ամենահետաքրքիր թեման մարդիկ են» (Բիանկա)

«Պիտի խոստովանեմ, որ ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է լինում ուրիշ մարդկանց կյանքում։ Չգիտեմ ինչու, ուղղակի հետաքրքիր է» (Քեյթի)

Պարապություն։ Աստվածաշնչյան ժամանակներում կային մարդիկ, ովքեր «իրենց ազատ ժամանակը ուրիշ ոչնչի վրա չէին վատնում, բացի որևէ նոր բան ասելուց կամ լսելուց» (Գործեր 17:21)։ Այսօր էլ է այդպես։

«Երբեմն, երբ խոսելու ոչ մի հետաքրքիր բան չի լինում, մարդիկ իրենք են խոսակցության նյութ ստեղծում» (Ջոաննա)

Ինքնահաստատման կարիք։ Ի զուր չէ, որ Աստվածաշունչը զգուշացնում է խուսափել մեզ ուրիշների հետ համեմատելուց (Գաղատացիներ 6:4)։ Ցավոք սրտի, ոմանք փորձում են թերարժեքության զգացումը հաղթահարել կամ ինքնահաստատվել ուրիշների մասին բամբասանքներ տարածելով։

«Երբ մարդը բամբասում է, դա նրա ինքնության մասին շատ բան է ասում։ Հաճախ դա նշանակում է, որ նա իր սրտում նախանձում է այդ մարդուն, ումից բամբասում է։ Նա բամբասանքներ է տարածում իր ինքնագնահատականը բարձրացնելու համար, ինքն իրեն համոզելու համար, որ ավելի լավն է, քան այդ մարդը» (Ֆիլ)

Փաստ։ Ուզես թե չուզես, մարդիկ խոսելու են ուրիշների, ինչպես նաև քո մասին։

 Լավ է, որ հնարավոր է հաղթահարել

Հավանաբար չես կարողանա այնպես անել, որ քեզնից չբամբասեն, բայց հաստատ կկարողանաս սովորել ճիշտ արձագանքել դրան։ Երբ իմանում ես, որ քո մասին բամբասանքներ են պտտվում, դու երկու տարբերակ ունես։

ՏԱՐԲԵՐԱԿ 1։ Անտեսել։ Հաճախ լավագույն լուծումը ուղղակի անտեսելն է, հատկապես երբ բամբասանքը լուրջ չէ։ Կիրառիր աստվածաշնչյան խորհուրդը. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել» (Ժողովող 7:9

«Բամբասանք էր պտտվում, իբր ես հանդիպում եմ մի տղայի հետ։ Բայց նրան չէի էլ տեսել։ Ծիծաղելի էր, ես էլ ծիծաղեցի ու անցա» (Էլիզ)

«Լավ անունը ամենաուժեղ զենքն է բամբասանքի դեմ։ Նույնիսկ երբ քո մասին բամբասանքներ պտտվեն, քչերը կհավատան դրան։ Ճշմարտությունը ուշ թե շուտ բացահայտվում է» (Էլիսոն)

Առաջարկ։ Գրիր (1) ինչ են ասել քո մասին, և (2) ինչպես է ազդել դա քեզ վրա։ Եթե «խոսես սրտիդ հետ», հնարավոր է ավելի հեշտ լինի մոռանալ եղածը (Սաղմոս 4:4

ՏԱՐԲԵՐԱԿ 2։ Խոսել այն մարդու հետ, որը բամբասել է քեզնից։ Որոշ դեպքերում գուցե քեզ համար բամբասանքը լուրջ լինի և nրոշես խոսել այն մարդու հետ, ով տարածել է այն։

«Երբ խոսես այն մարդու հետ, որը բամբասել է քեզնից, նա կիմանա, որ իր ասածները հասել են քեզ, և գուցե հասկանա, որ չպետք է բամբասի։ Բացի այդ, դա կօգնի, որ ձեր մեջ լարվածությունն անցնի, և գուցեև հնարավոր լինի խնդիրը հարթել (Էլիզ)

Նախքան այդ մարդու հետ խոսելը քննիր աստվածաշնչյան հետևյալ սկզբունքները և փորձիր ազնվորեն պատասխանել հարցերին։

  • «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է» (Առակներ 18:13)։ Տեղյա՞կ եմ բոլոր փաստերին։ Հնարավո՞ր է, որ նա, ումից իմացել եմ բամբասանքի մասին, սխալ է հասկացել իր լսածը։

  • «Արագ եղիր լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1:19)։ Հիմա՞ է նրա հետ խոսելու ճիշտ ժամանակը։ Օբյեկտիվորե՞ն եմ մոտենում հարցին։ Պե՞տք է սպասեմ, որ որոշ ժամանակ անցնի, որպեսզի էմոցիաներս հանդարտվեն։

  • «Ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7:12)։ Եթե ես նրա փոխարեն լինեի, ինչպե՞ս կուզեի, որ ինձ մոտենային։ Ի՞նչ հանգամանքներում կուզեի խոսել խնդրի մասին։ Ինչպե՞ս կուզեի, որ ինձ հետ խոսեին կամ ի՞նչ բառեր կուզեի, որ օգտագործեին։

Առաջարկ։ Նախքան այդ մարդու հետ խոսելը գրիր, թե ինչ ես ասելու։ Հետո մեկ կամ երկու շաբաթ անց վերանայիր գրածդ և, եթե պետք է, փոփոխություններ արա։ Նաև քննարկիր այն ծնողներիդ կամ հասուն անձնավորության հետ, ում հետ մտերիմ ես, և խորհուրդ հարցրու նրանից։

Փաստ։ Ինչպես կյանքում շատ բաներ, այնպես էլ բամբասանքը հնարավոր չէ վերահսկել։ Բայց դա չի նշանակում, որ այն պետք է վերահսկի քեզ։