Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Հայհոյելը շա՞տ վատ բան է

Հայհոյելը շա՞տ վատ բան է

«Ես այնքան եմ հայհոյանք լսել, որ ինձ համար այն սովորական բան է դարձել»։ (Քրիստոֆեր, 17 տարեկան)

«Երբ պատանի էի, հաճախ էի հայհոյում։ Դա ակամայից սովորություն դարձավ, որից մեծ դժվարությամբ ձերբազատվեցի»։ (Ռեբեկա, 19 տարեկան)

 Թեստ

  • Ի՞նչ ես զգում, երբ ուրիշներն են հայհոյում։

    • Չեմ էլ նկատում, դա ինձ համար նորմալ է։

    • Այնքան էլ հաճելի չէ, բայց բանի տեղ չեմ դնում։

    • Ինձ համար գռեհիկ է, ես դա չեմ հանդուրժում։

  • Ինչքա՞ն հաճախ ես դու կեղտոտ խոսքեր օգտագործում։

    • Երբեք

    • Երբեմն

    • Հաճախ

  • Քո կարծիքով՝ ի՞նչ հետևանք կարող է թողնել անվայել խոսքեր օգտագործելը։

    • Աննշան

    • Լուրջ

 Ինչու է կարևոր անդրադառնալ այս հարցին

Որքանո՞վ է էական այս հարցը։ Գուցե ասես. «Աշխարհում ավելի լուրջ խնդիրներ կան, որոնց համար պետք է անհանգստանալ։ Համ էլ բոլորն են հայհոյում»։ Բայց իսկապե՞ս այդպես է։

Հավատա, որ կան շատ-շատերը, ովքեր կեղտոտ լեզու չեն օգտագործում։ Նման մարդիկ հաշվի են առնում որոշ հանգամանքներ, որոնց մասին մյուսները գուցե չեն մտածում։ Օրինակ՝

  • Հայհոյանքը հենց այնպես, դատարկ խոսք չէ։ Մեր խոսքերը բացահայտում են, թե ինչ է կատարվում մեր ներսում։ Կեղտոտ խոսքեր ասելը նշան է այն բանի, որ տվյալ անձնավորությունը անտարբեր է ուրիշների զգացմունքների հանդեպ։ Բայց մի՞թե դու այդպիսին ես։

    Աստվածաշունչն ասում է. «Բերանից դուրս եկած բաները սրտից են դուրս գալիս» (Մատթեոս 15:18

    Հայհոյախոսությունը խոսքի միջավայրի աղտոտում է։ Ինչո՞ւ կեղտոտենք մեզ և ուրիշներին

  • Հայհոյելով կարող ես վատ կարծիք ձևավորել քո մասին։ Հայհոյախոսության վերաբերյալ մի գրքում ասվում է. «Մեր խոսելու կերպը կարող է որոշիչ լինել, թե ովքեր կլինեն մեր ընկերները, որքանով մեզ կհարգեն ընտանիքի անդամներն ու աշխատակիցները, արդյոք կգտնենք աշխատանք և ավելի պատասխանատու գործեր կվստահվեն մեզ։ Այն կարող է ազդել մարդկանց հետ մեր հարաբերությունների վրա, մեր հեղինակության, ինչպես նաև այն բանի, թե ինչպես կվերաբերվեն մեզ»։ Նույն գրքում խորհուրդ է տրվում. «Մտածիր՝ մարդկանց հետ քո հարաբերությունները արդյոք ավելի լավ չէ՞ին լինի, եթե չհայհոյեիր» (Cuss Control)։

    Աստվածաշունչն ասում է. «Ամեն.... վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից» (Եփեսացիներ 4:31

  • Հայհոյախոսությունը քեզ չի բարձրացնում։ Դոկտոր-պրոֆեսոր Ալեքս Պակերը իր աշխատություններից մեկում գրում է. «Հայհոյող մարդկանց խոսքը լսելը հոգնեցուցիչ է»։ Ապա ավելացնում է, որ կեղտոտ բառապաշարը «տեղ չի թողնում ըմբռնողականության, իմաստության, բանականության և կարեկցանքի արտահայտումների համար։ Եթե խոսքդ կիսատ-պռատ է, անորոշ կամ պրիմիտիվ, այդպես էլ միտքդ կաշխատի» (How Rude!)։

    Աստվածաշունչն ասում է. «Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից» (Եփեսացիներ 4:29

 Ինչ կարող ես անել

  • Նպատակ դիր։ Փորձիր մոտ մեկ ամիս կեղտոտ խոսքեր չօգտագործել։ Դու կարող ես հետևել քո հաջողություններին՝ կատարելով նշումներ, օրինակ, օրացույցի վրա։ Հայհոյելու վատ սովորությունից ձերբազատվելու համար, սակայն, այլ քայլեր էլ պետք է անես։ Դրանցից մի քանիսը հետևյալն են.

  • Խուսափիր այնպիսի ժամանցից, որի ընթացքում քո միտքը լցվում է կեղտոտ բառերով։ Աստվածաշունչն ասում է. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15:33)։ «Ընկերակցությունների» մեջ մտնում են ոչ միայն այն, թե ում հետ ես ժամանակ անցկացնում, այլև ինչպես ես անցկացնում. ինչ ֆիլմեր ես դիտում, ինչ խաղեր ես խաղում և ինչ երգեր ես լսում։ Քենեթ անունով մի 17-ամյա պատանի ասում է. «Երբ երաժշտության ռիթմը քեզ դուր է գալիս, ակամայից կրկնում ես երգի բառերը՝ ուշադրություն չդարձնելով, որ դրանց մեջ կեղտոտ խոսքեր կան»։

  • Ցույց տուր, որ հասուն անձնավորություն ես։ Ոմանք մտածում են, որ կայացած մարդու տպավորություն կթողնեն, եթե խոսքի մեջ հայհոյանքներ օգտագործեն։ Սակայն, իրականում, ճիշտ հակառակն է։ Հասուն մարդիկ, ինչպես Աստվածաշունչն է ասում, «իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5:14)։ Նրանք չեն իջեցնում իրենց մակարդակը, որպեսզի «տպավորեն» ուրիշներին։

Իրականում կեղտոտ խոսքերը կեղտոտում են մարդու միտքը (և մթնոլորտը)։ Իսկ կեղտոտ մտքերն արդեն իսկ շատ են այս աշխարհում։ «Մի՛ ավելացրու աղբակույտերը,— ասվում է վերոհիշյալ գրքում։— Քո մասնակցությունն ունեցիր խոսքի միջավայրի մաքրման գործում։ Այդպես դու ոչ միայն քո աչքում կբարձրանաս, այլև մյուսների» (Cuss Control)։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս գտնել ժամանցի լավ ձևեր

Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնել երաժշտություն, ֆիլմեր և գրքեր ընտրելիս։

Ինչպես դիմադրել հասակակիցների ճնշմանը

Հասակակիցների ճնշման տակ լավ մարդիկ գուցե վատ բաներ անեն։ Ի՞նչ պետք է իմանաս այդ մասին։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել այն։