Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպիսի՞ն է իմ արտաքինը

Ինչպիսի՞ն է իմ արտաքինը

Ինչո՞ւ պետք է մտածես, թե ինչ հագուստ ես կրում։ Քանի որ հագուստը շատ բան է ասում անհատի մասին։ Ի՞նչ է ասում հագուստդ քո մասին։

 Երեք տարածված սխալ, որ ներկայացնում է նորաձևության աշխարհը։ Ինչպես խուսափել այդ սխալներից։

Սխալ #1: Թույլ տալ, որ մեդիան թելադրի, թե ինչ տեսք պետք է ունենալ։

Թերեզա անունով մի պատանի ասում է. «Երբեմն ինձ գրավում է որևէ ոճ, քանի որ դրա վերաբերյալ շատ գովազդներ եմ տեսել։ Երբ միտքդ լիքն է այն բոլոր մարդկանց պատկերներով, ովքեր կրում են այդ հագուստը, դժվար է չհետևել նրանց»։

Միայն աղջիկները չէ, որ ընկնում են գովազդի ազդեցության տակ։ Մի գրքում ասվում է. «Տղաների վրա նույնպես ազդում են նորաձևության տենդենցները։ Այդ շուկայի առաջատար մասնագետները ամեն ինչ անում են, որպեսզի ազդեն տղաների վրա, նույնիսկ երբ նրանք դեռ շատ փոքր են» (Guide to Raising Adolescent Boys)։

Խորհուրդ: Աստվածաշնչում ասվում է. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14:15)։ Այս սկզբունքի համաձայն՝ գովազդներ դիտելիս ուշադիր եղիր։ Օրինակ՝ եթե գովազդում տեսնում ես հագուստ, որը նկարագրելու համար օգտագործվում են «կրքոտ», «սեքսուալ» բառերը, հարցրու ինքդ քեզ.

  • «Ո՞վ կշահի, եթե այդ ոճի հագուստ կրեմ»։

  • «Ինչպիսի՞ մարդկանց է այն բնորոշ»։

  • «Ես ունե՞մ այդպիսի ապրելակերպ»։

Առաջարկ: Մեկ շաբաթ ուշադիր հետևիր հագուստի մասին գովազդներին և այն ամենին, ինչ առնչվում է նորաձևությանը։ Ի՞նչ ապրելակերպ է գովազդվում։ Արդյո՞ք կան ակնարկներ, որոնք դրդում են քեզ մտածելու, որ անհրաժեշտ է հետևել այդ ոճին։ Քերըն անունով մի աղջիկ ասում է. «Մեծ ճնշում է բանեցվում, որ կատարյալ տեսք ունենաս, կատարյալ հագուկապ ունենաս և ցուցադրես քո «կատարյալ» մարմինը։ Գովազդային գործակալները գիտեն, որ հեշտ է ազդեցություն գործել պատանիների վրա»։

Սխալ#2: Որդեգրել այնպիսի ոճ, որ բոլորին դուր գաս։

Մանուել անունով մի պատանի ասում է. «Եթե որևէ ոճ նորաձև է դառնում, բոլորը սկսում են այդպիսի ոճի հագուստ կրել։ Եվ եթե դու չես հագնվում այդ ոճով, քննադատության ես արժանանում»։ Իսկ Աննա անունով մի աղջիկ հետյալն է ասում. «Խնդիրը ոչ թե նորաձևությունն է, այլ բոլորին գոհացնելը»։

Խորհուրդ: Աստվածաշնչում ասվում է. «Մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը» (Հռոմեացիներ 12:2)։ Այս խորհուրդն ի մտի ունենալով՝ տես, թե ինչ կա քո զգեստապահարանում, և հարցրու ինքդ քեզ.

  • «Ի՞նչ գործոններ են հիմնականում ազդել իմ ընտրության վրա»։

  • «Որքա՞ն կարևոր է ինձ համար կրել բրենդային հագուստ»։

  • «Ուզո՞ւմ եմ տպավորել մարդկանց իմ հագուստով»։

Առաջարկ: Երկու գործոն հաշվի առնելուց բացի, դրանք են՝ նորաձև (և ընդունված) կամ ոչ նորաձև (և չընդունված), մտածիր երրորդի մասին՝ հարմարավետության և ինքնազգացողության։ Որքան հագուստդ հարմարավետ լինի, այնքան ավելի քիչ կանհանգստանաս բոլորին գոհացնելու մասին։

Սխալ #3: «Որքան սեքսուալ, այնքան ավելի լավ»։

Ջենիֆեր անունով մի աղջիկ խոստովանում է. «Անկեղծ ասած՝ երբեմն գայթակղություն է առաջանում կրել ցանկահարույց հագուստ՝ չափազանց կարճ, ընդգծող կամ շատ բաց»։

Խորհուրդ: Աստվածաշնչում ասվում է. «Թող ձեր զարդարանքը չլինի արտաքուստ.... այլ ձեր զարդարանքը թող լինի սրտի ծածուկ մարդը» (1 Պետրոս 3:3, 4)։ Այս խորհուրդն ի մտի ունենալով՝ մտածիր, թե որն է ավելի կարևոր՝ աչք շոյող արտաքի՞ն գեղեցկությունը, թե՞ սիրտ գերող ներքին գեղեցկությունը։

Առաջարկ: Նորաձև լինելու լավագույն «աքսեսուարը» համեստությունն է։ Ճիշտ է, համեստ լինելն այնքան էլ ընդունված չէ այսօր, բայց մտածիր...

Երբևէ շփվե՞լ ես մեկի հետ, ով չափից շատ է խոսում ու այն էլ միայն իր մասին։ Ցավալին այն է, որ այդ անհատը չի հասկանում, որ այդպես վանում է քեզ իրենից։

Ինչպես եսակենտրոն զրույցն է վանում զրուցակցին, այնպես էլ անհամեստ հագուկապը

Երբ անհամեստ հագուստ ես կրում, նմանվում ես այդ անհատին։ Կարծես ուզում ես ասել. «Ինձ նայեք»։ Դա կարող է և՛ վտանգավոր լինել, և՛ ցույց տալ, որ կենտրոնացած ես քեզ վրա։ Այն կարող է նաև նշանակել, որ ուշադրությունից զուրկ ես, և ուզում ես ամեն գնով, նույնիսկ սխալ ճանապարհով հասնել դրան։

Ուստի մի՛ ներկայացրու քեզ այնպիսին, ինչպիսին որ չես։ Համեստ եղիր։ Մոնիկա անունով մի պատանի ասում է. «Համեստ հագուկապ ունենալ չի նշանակում հագնվել տատիկի պես։ Դա նշանակում է հարգել քեզ և քո շուրջը գտնվող մարդկանց»։

Տես նաև

Իմացիր ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ չարժե ընդօրինակել «իդեալներին»—Մաս 1։ Աղջիկների համար

Աղջիկներից շատերը մտածում են, թե իրենց անհատականությունն են դրսևորում, սակայն իրականում ընդօրինակում են այն «իդեալներին», որոնք ներկայացվում են մեդիայի միջոցով։

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ չարժե ընդօրինակել «իդեալներին»—Մաս 2։ Տղաների համար

Արդյո՞ք մեդիայի ներկայացրած իդեալներին ընդօրինակելով՝ տղան ավելի գրավիչ է դառնում աղջիկների աչքում։

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Տարվա՞ծ ես քո արտաքինով

Ինչպե՞ս կարող ես ունենալ հավասարակշռված տեսակետ, եթե խնդիր ունես արտաքինիդ հետ կապված։