Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ընկերությո՞ւն, թե՞ ռոմանտիկ զգացումներ — Մաս 1։ Ի՞նչ նշաններ եմ տեսնում

Ընկերությո՞ւն, թե՞ ռոմանտիկ զգացումներ — Մաս 1։ Ի՞նչ նշաններ եմ տեսնում

Նա քեզ շատ է դուր գալիս, և դու վստահ ես, որ այդ զգացումը փոխադարձ է։ Դուք անընդհատ հաղորդագրություն եք գրում իրար, հավաքույթներին հաճախ միասին եք լինում... իսկ նրա ուղարկած որոշ տեքստային հաղորդագրություններ բացահայտ ֆլիրտային են։

Դու որոշում ես հարցնել, թե արդյոք նա զգացմունքներ ունի քո հանդեպ, որպեսզի համոզվես, որ երկուսդ նույն բանն եք զգում։ Ու լսում ես հետևյալ պատասխանը. «Դու ինձ համար պարզապես ընկեր ես, ոչ ավելին»։

 Ինչ կզգաս

«Ես շատ բարկացած էի թե՛ նրա և թե՛ ինձ վրա։ Մենք ամեն օր իրար տեքստային հաղորդագրություն էինք ուղարկում, և նա իսկապես հետաքրքրություն էր ցույց տալիս իմ հանդեպ։ Բնական է, որ իմ մեջ զգացմունքներ առաջացան» (Ժասմին)։

«Ես ու այդ աղջիկը ուղեկցում էինք մեկ ուրիշ զույգի։ Երբեմն թվում էր, թե երկու ժամադրության ենք գնացել։ Երկուսս երկար խոսում էինք, իսկ հետո սկսեցինք հաճախ հաղորդագրություններ գրել իրար։ Երբ նա ասաց, որ ինձ պարզապես իր ընկերն է համարում, ու երբ իմացա, որ այդ ողջ ընթացքում նա ուրիշի հետ էր ընկերություն անում, շատ ծանր տարա դա» (Ռիչարդ)։

«Մի տղա ինձ ամեն օր հաղորդագրություն էր գրում, ու երբեմն երկուսս ֆլիրտ էինք անում։ Բայց երբ նրան խոստովանեցի, որ զգացմունքներ ունեմ նրա հանդեպ, նա ծիծաղեց ու ասաց. «Հիմա ես ոչ ոքի հետ չեմ ուզում ընկերություն անել»։ Ես երկար ժամանակ լաց էի լինում» (Թամարա)։

Ամփոփում։ Երբ քեզ թվում է, թե քո ու տվյալ անհատի միջև հատուկ կապվածություն կա, ու հետո իմանում ես, որ այդ ռոմանտիկ զգացումները միակողմանի են, բնական է, որ զայրանում ես, շփոթվում և նույնիսկ քեզ դավաճանված ես զգում։ «Երբ ինձ հետ այդպիսի բան տեղի ունեցավ, ես ջախջախված էի ու խոր ցավ էի զգում,— ասում է Ստիվեն անունով մի երիտասարդ։— Ինձ ժամանակ էր պետք, որ նորից կարողանայի վստահել ուրիշներին»։

 Ինչու է այդպես լինում

Տեքստային հաղորդագրությունների և հաղորդակցման այլ միջոցների շնորհիվ կարող ես հեշտությամբ զգացապես կապվել ինչ-որ մեկին, որը քո հանդեպ ոչ մի ռոմանտիկ զգացում չունի։ Նկատի առ, թե ինչ են ասում որոշ երիտասարդներ։

«Գուցե ինչ-որ մեկը հաղորդագրություն է ուղարկում պարզապես ժամանակ սպանելու համար, բայց դու մտածում ես, որ դա նշան է այն բանի, որ նա հետաքրքրվում է քեզնով։ Իսկ եթե նա ամեն օր է քեզ հաղորդագրություն ուղարկում, սխալմամբ կարող ես կարծել, որ դու նրա համար շատ կարևոր ես» (Ջենիֆեր)։

«Ինչ-որ մեկը գուցե անկեղծորեն ցանկանում է ռոմանտիկ հարաբերություններ զարգացնել, մինչդեռ մյուսին ուղղակի հարկավոր է մեկը, ում հետ կարող է խոսել, կամ ով կօգնի իրեն ավելի ինքնավստահ զգալու» (Ջեյմս)։

«Պարզ «բարի գիշեր» հաղորդագրությունը այն ստացողի համար կարող է շատ ռոմանտիկ թվալ, սակայն այդ հաղորդագրությունն ուղարկողի զգացումները գուցե նույնքան «քնքուշ» են, որքան գովազդային հաղորդագրություն ուղարկողների զգացումները» (Հեյլի)։

««Սմայլիկը» կարող է թե՛ քաղաքավարության, թե՛ ֆլիրտի նշան լինել։ Հաճախ այն որպես ֆլիրտ է ընկալվում» (Ալիսիա)։

Ամփոփում։ Ուշադրությունը մի՛ շփոթիր ռոմանտիկ զգացումների հետ։

Գուցե մտածես. «Ասելը հեշտ է, անելն է դժվար»։ Իրոք որ դա այդպես է, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի» (Երեմիա 17:9)։ Սիրտը կարող է պատճառ լինել, որ ավազից ռոմանտիկ սիրո դղյակ կառուցես, որը կքանդվի այն պահին, երբ գիտակցես, որ այն գոյություն է ունեցել միայն քո երևակայության մեջ։

 Ինչ կարող ես անել

  • Իրատես եղիր։ Հետ նայիր ու վերլուծիր ձեր հարաբերությունները։ Հարցրու ինքդ քեզ. «Հիմնավոր պատճառներ ունե՞մ մտածելու, որ նա իմ հանդեպ հատուկ վերաբերմունք ունի»։ Թույլ մի՛ տուր, որ զգացմունքներդ մթագնեն «բանականությունդ» (Հռոմեացիներ 12:1

  • Խորաթափանց եղիր։ Մտածիր, թե նա կոնկրետ ինչ է անում, որ քո մեջ նրա հանդեպ զգացմունքներ են առաջանում, և դու կարծում ես, որ դուք ընկերներ լինելուց ավելին եք։ Եթե դու ինչ-որ բան ես զգում մեկի հանդեպ, դա չի նշանակում, որ նա էլ նույնն է զգում քո հանդեպ։

  • Համբերատար եղիր։ Մինչև անհատը բացահայտ չասի, որ ռոմանտիկ զգացումներ ունի քո հանդեպ, զգացապես մի՛ կապվիր նրան։

  • Ազնիվ եղիր։ Աստվածաշունչն ասում է, որ կա «խոսելու ժամանակ» (Ժողովող 3:7)։ Եթե ուզում ես իմանալ, թե արդյոք տվյալ անհատը քեզ ընկերոջից ավելին է համարում, խոսիր նրա հետ։ «Եթե զգացումները փոխադարձ չեն,— ասում է Վալերիան,— ավելի լավ է՝ մի քիչ ցավ ապրես հիմա, քան թույլ տաս, որ այդ ամենը շարունակվի ամիսներ, և հետո գիտակցես, որ այդ մարդը քեզնով ընդհանրապես հետաքրքրված չէր»։

Ամփոփում։ «Քո սիրտը պահպանիր»,— ասվում է Առակներ 4:23-ում։ Եթե համակրում ես ինչ-որ մեկին, պարզիր, թե արդյոք նա էլ է համակրում քեզ։ Բայց եթե թույլ տաս, որ ռոմանտիկ զգացմունքները հենց սկզբից արմատ գցեն սրտումդ, նույնը կլինի, որ փորձես կարծր քարի վրա բույս աճեցնել։

Եթե պարզես, որ այդ անհատն իսկապես զգացմունքներ ունի քո հանդեպ, ու եթե այն տարիքում ես, որ կարող ես և պատրաստ ես ընկերություն անել, ինքդ կարող ես որոշել՝ ուզո՞ւմ ես զարգացնել այդ փոխհարաբերությունները, թե՞ ոչ։ Հիշիր՝ որպեսզի ամուսնական կառույցը ամուր լինի, ամուսինն ու կինը հոգևոր նույն նպատակները պետք է ունենան, նաև պետք է ազնիվ ու անկեղծ լինեն (1 Կորնթացիներ 7:39)։ Անկասկած, սկզբում նրանք լավ ընկերներ էին և հիմա էլ շարունակում են այդպիսին լինել (Առակներ 5:18

Իմացիր ավելին

Ընկերությո՞ւն, թե՞ ռոմանտիկ զգացումներ — Մաս 2։ Ի՞նչ նշաններ եմ ցույց տալիս

Հնարավո՞ր է ընկերդ մտածի, որ դու ուզում ես, որ դուք ընկերներ լինելուց ավելին լինեք։ Տես այս հարցի հետ կապված առաջարկները։