Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Բարեկիրթ վարվեցողությունը իսկապե՞ս կարևոր է

Բարեկիրթ վարվեցողությունը իսկապե՞ս կարևոր է

«Նրանք իմ առաջ դուռը չեն բացում, ե՞ս ինչի պիտի բացեմ նրանց առաջ»։

«Կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան «խնդրում եմ», «շնորհակալություն» և «կներեք» ասելը, այնպես չէ՞»։

«Ի՞նչ կարիք կա, որ եղբորս ու քրոջս հետ քաղաքավարի լինեմ, չէ՞ որ մենք մի ընտանիք ենք»։

Իսկ դու կասեի՞ր նման խոսքեր։ Եթե այո, ապա անհրաժեշտ է, որ իմանաս բարեկիրթ վարվեցողության օգուտների մասին։

 Ինչ պետք է իմանաս բարեկիրթ վարվեցողության մասին

Բարեկիրթ վարվեցողությունը կարող է դրական ազդել կյանքիդ հետևյալ երեք ոլորտների վրա։

  1. Քո անունը։ Մարդկանց հետ քո վարվեցողությունը կարող է դրական կամ բացասական տպավորություն թողնել նրանց վրա։ Եթե դու բարեկիրթ ես, մարդիկ քեզ կհամարեն հասուն ու պատասխանատու անձնավորություն և համապատասխանաբար կվարվեն քեզ հետ։ Եթե կոպիտ լինես, ապա կմտածեն, թե դու միայն քո մասին ես մտածում, և դրա պատճառով հնարավոր է՝ քեզ աշխատանքի չվերցնեն կամ կորցնես ուրիշ լավ հնարավորություններ։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, «դաժան մարդը փորձանք է բերում իր մարմնին» (Առակներ 11:17

  2. Քո հասարակական կյանքը։ Աստվածաշունչն ասում է. «Սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3:14)։ Դա իսկապես ճշմարտություն է, հատկապես ընկերություն անելու հարցում։ Մարդիկ մտերմանում են նրանց հետ, ովքեր բարեկիրթ են և իրենց լավ են վերաբերվում։ Ի վերջո, ո՞վ կուզի շփվել մեկի հետ, ով կոպիտ է ու անքաղաքավարի։

  3. Քո հանդեպ մարդկանց վերաբերմունքը։ «Եթե միշտ քաղաքավարի լինես,— ասում է մի երիտասարդ աղջիկ՝ Ջենիֆերը,— ապա ժամանակի ընթացքում կնկատես, որ նույնիսկ ամենաանբարեհամբույր մարդիկ քեզ հետ լավ են վերաբերվում»։ Ինչ խոսք, եթե դու կոպիտ ես, չես կարող ակնկալել, որ քեզ հետ քաղաքավարի լինեն։ Աստվածաշունչն ասում է. «Ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն» (Մատթեոս 7:2

Հետևություն։ Մարդկանց հետ շփումը առօրյայի անբաժանելի մասն է։ Թե ինչպես կվարվես նրանց հետ, դա կանդրադառնա քո հանդեպ նրանց վարվելակերպի վրա։ Կարճ ասած՝ քաղաքավարության կանոնները պահելը իսկապես կարևոր է։

 Ինչպես բարելավել վարքուբարքը

  1. Ուշադրություն դարձրու քո վարվելակերպին։ Հետևյալ հարցերը տուր քեզ. «Մեծերին դիմելիս հարգալի՞ց եմ։ Որքա՞ն հաճախ եմ ասում «խնդրում եմ», «շնորհակալություն» կամ «կներեք»։ Երբ շփվում եմ մարդկանց հետ, թո՞ւյլ եմ տալիս, որ այլ բաներ շեղեն իմ ուշադրությունը, ասենք՝ sms եմ կարդում կամ գրում։ Հարգանքո՞վ եմ վերաբերվում ծնողներիս և ընտանիքիս մյուս անդամներին, թե մտածում եմ, որ դրա կարիքը չկա»։

    Աստվածաշունչն ասում է. «Միմյանց պատվելու մեջ առաջինը եղեք» (Հռոմեացիներ 12:10

  2. Նպատակներ դիր։ Գրի առ, թե որ երեք ոլորտներում կարիք կա փոփոխություն անելու։ Օրինակ՝ 15-ամյա Ալիսոնը ասում է, որ նկատել է՝ ինքը պետք է «լինի լավ լսող, ոչ թե լավ խոսող»։ 19-ամյա Դեյվիդը ասում է, որ երբ ընտանիքի կամ ընկերների հետ է, չպետք է հեռախոսի հաղորդագրություններով տարվի։ «Դա անհարգալից վերաբերմունք է,— ասում է նա։— Կարծես ուզում ես ասել, որ ավելի լավ է ուրիշի հետ շփվեիր, քան իրենց»։ 17-ամյա Էդուարդը ասում է, որ ինքը պետք է ուշադիր լինի, որ չընդհատի մարդկանց, երբ խոսում են։ Իսկ Ջենիֆերը, որի խոսքերը նշվեցին վերևում, որոշել է հետևել, թե ինչպես է վերաբերվում տարեցներին։ «Ես սովորաբար կես բերան բարևում էի ու շտապում հասակակիցներիս մոտ,— ասում է նա։— Բայց հիմա փորձում եմ շփվել ու ավելի լավ ճանաչել նրանց։ Դա բավական օգնել է, որ նրանց հետ իմ վարվելակերպը փոխվի»։

    Աստվածաշունչն ասում է. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2:4

  3. Հետևիր քո առաջընթացին։ Մեկ ամսվա ընթացքում հետևիր, թե ինչպես ես խոսում ու վարվում և փորձիր նկատել, թե որքանով է բարելավվել քո վարվեցողությունը։ Ամսվա վերջում հարցրու քեզ. «Ինչպե՞ս է բարեկիրթ վարվեցողությունը ինձ ավելի լավ մարդ դարձրել։ Ո՞ր հարցերում դեռ փոխվելու կարիք ունեմ»։ Այնուհետև նոր նպատակներ դիր։

    Աստվածաշունչն ասում է. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Ղուկաս 6:31