Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ինչպես զսպել բարկությունը

Ձեր կողակիցը ասում կամ անում է բաներ, որոնք զայրացնում են ձեզ, և դուք փորձում եք զսպել զայրույթը։ Բայց հետո նա զգում է, որ ինչ որ բան այն չէ, և սկսում է հարցուփորձ անել։ Դա ավելի շատ է զայրացնում ձեզ։ Ինչպե՞ս կարող եք վերահսկել բարկությունը այդ պայթյունավտանգ իրավիճակում։

 Ինչ պետք է իմանաք

  • Բարկությանն անձնատուր լինելով՝ կարելի է վնասել առողջությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անկառավարելի բարկությունը մեծացնում է բարձր ճնշման, սրտի հիվանդությունների, դեպրեսիայի և մարսողական համակարգի խնդիրների հավանականությունը։ Բարկությունը կարող է նաև անքնության, մեծացող անհանգստության, մաշկային խնդիրների և կաթվածի պատճառ դառնալ։ Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշունչն ասում է. «Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր» (Սաղմոս 37։8

  • Բարկությունը ներսում պահելը նույնպես կարող է վնասակար լինել։ Սիրտն այրող զայրույթը կարող է լինել հիվանդության պես, որը քայքայում է ներսից։ Օրինակ՝ ձեր մեջ գուցե առաջանա ցինիկ կամ քննադատական վերաբերմունք։ Այդպիսի ոգին կարող է դժվարացնել ձեր կյանքը և լուրջ վնաս հասցնել ձեր ամուսնական կապին։

 Ինչ կարող եք անել

  • Ձեր կողակցի մեջ լավ հատկություններ փնտրեք։ Թվարկեք երեք բան, որ ձեզ հիացնում է նրա մեջ։ Հաջորդ անգամ, երբ բարկանաք ձեր կողակցի արածի պատճառով, մտածեք այն հատկությունների մասին, որոնք գտել եք։ Դա կարող է օգնել ձեզ զսպելու բարկությունը։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3։15

  •  Ներողամտություն զարգացրեք։ Նախ ձգտեք իրերին նայել ձեր կողակցի տեսանկյունից։ Դա կօգնի ձեզ լինելու կարեկից, այսինքն՝ ինչպես Աստվածաշունչն է ասում, «ցավակից» (1 Պետրոս 3։8)։ Հետո հարցրեք ինքներդ ձեզ. «Իմ բարկության պատճառն այնքան լուրջ է, որ չե՞մ կարող ներել»։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդու.... գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է» (Առակներ 19։11

  •  Արտահայտեք ձեր զգացումները բարությամբ և նրբանկատորեն։ Գործածեք «ես» բառը։ Օրինակ՝ փոխանակ ասելու՝ «դու շատ անուշադիր ես, որովհետև չես զանգում ու չես ասում, թե որտեղ ես», ասեք. «Ես անհանգստանում եմ, երբ ուշ է, և չգիտեմ, թե արդյոք դու ապահով ես»։ Մեղմորեն արտահայտվելը կօգնի ձեզ զսպելու բարկությունը։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված» (Կողոսացիներ 4։6

  •  Լսեք հարգանքով։ Արտահայտվելուց հետո թույլ տվեք ձեր կողակցին իր խոսքն ասել և մի՛ ընդհատեք։ Երբ նա ավարտի իր խոսքը, այլ խոսքերով կրկնեք նրա ասածը, որպեսզի վստահ լինեք, որ ճիշտ եք հասկացել։ Լսելը կարող է օգնել ձեզ զսպելու բարկությունը։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Արագ եղեք լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19