Ձեր երեխային կարծես չի հետաքրքրում դպրոցը, և նա հնարքներ է փնտրում, որ չանի տնային աշխատանքները և չսովորի։ Արդյունքում՝ նա գնալով ավելի ցածր գնահատականներ է ստանում ու վատ վարք է դրսևորում։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխային բարելավելու իր գնահատականները։

 Ինչ պետք է իմանաք

Ճնշումների պատճառով խնդիրն ավելի կմեծանա։ Երեխայի վրա ճնշում գործադրելը նրան սթրեսի մեջ կգցի թե՛ դպրոցում և թե՛ տանը։ Սթրեսը թեթևացնելու համար նա գուցե ստի, թաքցնի ցածր գնահատականները, կեղծի ձեր ստորագրությունը իր օրագրում կամ փախչի դասերից։ Այդպիսով խնդիրը միայն կխորանա։

Պարգևատրումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ «Որպեսզի խրախուսեինք մեր աղջկան, մենք ձգտում էինք պարգևատրել նրան լավ գնահատականների համար,— ասում է Էնդրյու անունով մի հայր։— Բայց դրա պատճառով նա կենտրոնանում էր միայն պարգևատրության վրա։ Երբ ցածր գնահատական էր ստանում, ավելի շուտ նեղվում էր այն պատճառով, որ պարգևատրություն չի ստանա, քան ցածր գնահատականի համար»։

Ուսուցիչներին մեղադրելը ելք չէ։ Ձեր երեխան կարող է մտածել, որ լավ արդյունքների հասնելու համար ջանքեր պետք չեն։ Նա նաև կարող է սովորություն դարձնել ուրիշ մարդկանց մեղադրել իր սխալների համար և ակնկալել, որ ուրիշները պետք է լուծեն իր խնդիրները։ Կարճ ասած՝ երեխան չի սովորի այն, ինչը պետք կգա նրան մեծ տարիքում՝ պատասխանատվություն կրել իր արարքների համար։

 Ինչ կարող եք անել

Վերահսկեք ձեր զգացմունքները։ Եթե բարկացած եք, երեխայի հետ մի՛ խոսեք գնահատականների մասին։ Դա արեք ավելի ուշ։ «Ես ու կինս լավագույն արդյունքների ենք հասնում, երբ հանդարտ և կարեկից ենք լինում»,— ասում է Բրեթ անունով մի հայր։

Աստվածաշնչյան սկզբունք. «Արագ եղեք լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19

Գտեք խնդրի բուն պատճառը։ Սովորաբար երեխայի վատ գնահատականների պատճառը բուլիինգի ենթարկվելն է, դպրոցը փոխելը, քննությունների հետ կապված անհանգստությունները, ընտանեկան խնդիրները, քնի պակասը, անկազմակերպ կամ ցրված լինելը։ Մի՛ շտապեք մտածել, թե ձեր երեխան ծույլ է։

Աստվածաշնչյան սկզբունք. «Որևէ հարցում հասկացողություն դրսևորողը բարիք կգտնի» (Առակներ 16։20

Սովորելու համար բարենպաստ մթնոլորտ ստեղծեք։ Կոնկրետ ժամ սահմանեք տնային աշխատանքներն անելու համար։ Այնպիսի տեղ հատկացրեք երեխայի համար, որտեղ նա կկարողանա անել դասերը, և ոչինչ չի շեղի նրա ուշադրությունը (այդ թվում՝ հեռուստացույցն ու բջջային հեռախոսները)։ Որպեսզի երեխային օգնեք կենտրոնանալու, թող նա տնային աշխատանքը մաս-մաս անի։ Գերմանիայում բնակվող մի հայր, որի անունը Հեկտոր է, ասում է. «Եթե գիտենք, որ շուտով ստուգողական աշխատանք է լինելու, ամեն օր քիչ-քիչ կրկնում ենք նյութը և չենք թողնում վերջին րոպեին»։

Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն ինչ իր ժամանակն ունի» (Ժողովող 3։1

Խրախուսեք երեխային սովորել։ Որքան լավ երեխան հասկանա, թե ինչ օգուտներ է ստանում դպրոցից հիմա, այնքան ավելի շատ կմղվի սովորելու։ Օրինակ՝ մաթեմատիկայի իմացությունը կարող է օգնել նրան ճիշտ տնօրինելու իր գրպանի փողը։

Աստվածաշնչյան սկզբունք. «Ձեռք բեր իմաստություն, ձեռք բեր հասկացողություն.... Մեծապես գնահատիր իմաստությունը» (Առակներ 4։5, 8

Առաջարկ։ Օգնեք ձեր երեխային անելու իր տնային աշխատանքը, բայց այն մի՛ արեք նրա փոխարեն։ Էնդրյուն խոստովանում է. «Մեր աղջիկը չէր ուզում աշխատեցնել իր ուղեղը և մեզ վրա էր հիմնվում»։ Սովորեցրեք երեխային, թե ինչպես ինքնուրույն անի իր տնային աշխատանքները։